Մենք մեր զինված ուժերի և բանակի ամրացման աշխատանքներում, իհարկե, համագործակցելու ենք, կարևոր ենք համարում Ամերիկայի Միացյալ Նահանգների, նաև Ֆրանսիայի գործընկերների հետ համագործակցությունը։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ հավելելով, որ դրանով կարող են ապահովել մեր բանակի ժամանակակից մոբիլությունը, բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տեխնիկայի տեղակայումը։

Նա ցույց տվեց ՔՊ–ի քարոզարշավի լուսանկարները, որտեղ պատկերված են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, և ասաց. «Այսքան անվտանգության մարտահրավերների պայմաններում, սա մեր պաշտպանության նախարարի պաշտոնում աշխատող մարդն է, որ հելել, գնացել է ներկուսակցական քարոզարշավի։ Այս մարդը այստեղ կուկուռուզ ուտող Նիկոլ Փաշինյանն է, որը աշխատում է ՀՀ վարչապետ։ Երբ այս լուսանկարները տեսա, մտածեցի, որ շատ լավ վերադառնում են իրենց նախկին դիրքերին։ Իրենք նախկինում էլ են եղել այս կարգավիճակում, և հիմա ինձ թվում է՝ նաև բնազդային ձևով նրանք վերադառնում են իրենց նախկին այն կարգավիճակին, որ միշտ եղել են»։

Արման Թաթոյանը նկատեց, որ եթե չեղավ անվտանգություն, որևէ բան չենք կարող ունենալ. «Չենք կարող ունենալ գյուղատնտեսություն, ապահով կյանք, նորմալ զարգացող տնտեսություն, նորմալ զարգացող բիզնես, աշխատավայրեր և այլն։ Մենք այսօր տեսնում ենք, որ մեր անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է, մեր բնակչության բնականոն կյանքը։ Որևէ բան հնարավոր չի, եթե մենք ունենք անվտանգության համակարգի այս աստիճան խաթարված վիճակ»։