Դուք ասում եք, որ հարուցվել է 890 վարույթ, որոնցից 617-ն արդեն կարճվել են։ Դա մոտ 70% է։ Այս մասին Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը՝ դիմելով գերատեսչության ղեկավար Արթուր Նահապետյանին։
«Ինչպես կբացատրեք նման մեծ թիվը, և դրանցից քանիսն են կարճվել չարդարացված հիմքերով», - հետաքրքրվել է Մինասյանը: Նա նաև խնդրել է հստակեցնել, թե հատկապես ինչ է ենթադրում հաշվետվության մեջ նշված «նախկին պաշտոնատար անձ» հասկացությունը:
Ի պատասխան՝ Նահապետյանը, հղում անելով զեկույցին, նշել է, որ 2025 թվականի ընթացքում քննվել է 2588 քրեական վարույթ, որոնցից կարճվել են 617-ը։
Պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը գնահատում այն փաստը, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 243 միջնորդություններից բավարարվել են միայն 102-ը։
Նահապետյանը չի կարողացել հստակ և հասկանալի պատասխան տալ։ «Կալանավորման 102 միջնորդությունների բավարարմանը զուգահեռ՝ կիրառվել են նաև 80 խափանման միջոցներ՝ տնային կալանքի և վարչական հսկողության տեսքով», - հայտարարել է պաշտոնյան:





























