Ո՞վ կարող է աշխարհում ասել, որ ես չեմ կարող իմ երկիրը պաշտպանել. որևէ մեկը աշխարհում կարող է ասել, թե ես ինչու եմ իմ բանակը ուժեղացնում պաշտպանության նպատակո՞վ։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Դրա համար կան միջազգային բոլոր մեխանիզմները, այստեղ ագրեսիայի հիմքեր չկան։ Այս իշխանությունները մեր ժողովրդի վրա վախ են վաճառում, հիմա էլ նախընտրական քարոզչության ժամանակ քարոզում են վախից ելնելով ընտրել, նրանք վախի մեջ են պահում մեր ժողովրդին։

Իսկ ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, հանկարծ չմտածեք, բոլոր լուծումները կան, բոլոր միջազգային մեխանիզմները կան, չնեղվեք հանկարծ, պետք չի հուսախաբվել, ընկրկել։ Կան մարդիկ, որոնք պատկերացնում են այդ լուծումները, դրա համար պետք են մասնագետներ, դրա համար պետք է մասնագետ, ոչ թե, որ հելնեն, գնան ամենավտանգավոր իրավիճակներում ներքին քարոզով կուկուռուզ ու պերաշկի ուտելով զբաղվեն։

Ես վստահ եմ, որ գտնելու ենք այդ լուծումները, դրա համար մենք պետք է լինենք հետևողական, և մենք լինելու ենք հետևողական այս հարցերում, որովհետև առանց դրա մեր երկրում չի կարող  լինել խաղաղություն»,–ասաց նա։