Հայաստանի ընդդիմադիր դաշտում առաջ է եկել մի ուժ, որը ձևավորվում է ռուսաստանցի գործարարի (նկատի ունի Սամվել Կարապետյանին – խմբ.) կողմից։ Այս մասին մարտի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որ ուժն է առաջինը ընդդիմության շարքերում։
«Ռոբերտ Քոչարյանի ուժը շատ դժվար տվայտանքների մեջ է, որովհետև շատ մեծ է ռիսկը, որ ըստ այդ հարցումների՝ մնա նշաձողի տակ և չկարողանա անցնել խորհրդարան», - հավելել է Կոնջորյանը։
Նա նաև մեկնաբանել է Հայաստանի Հանրապետական կուսակցության հայտարարություններն ու կոչերը, որոնք վերաբերում էին փողոցային պայքարին։ «Օրինակ՝ Հանրապետականը, որը հայտարարում է, որ սկսում է փողոցային պայքար, ինչու է դա հայտարարում: Որովհետև շատ լավ գիտի, որ մասնակցի, հազիվ 1 տոկոս էլ չհավաքի և վերջնականապես չխայտառակվելու համար որոշում են գնալ փողոցային պայքարի», - եզրափակել է խորհրդարանական մեծամասնության ղեկավարը։





























