Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով երկօրյա պաշտոնական այցով Լիբիայում է, հանդիպել է այդ երկրի նախագահ Մուամար Քադդաֆիի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Ilhas կայքէջը: Քադդաֆին Էրդողանին դիմավորել է «Բաբ ալ Ազիզ» պալատի դիմաց տեղադրված վրանի մոտ: Թուրքիայի վարչապետը Քադդաֆիին ներկայացրել է իր հետ ժամանած արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին եւ պետնախարար Զաֆեր Չաղլայանին: Նրանց միջեւ հանդիպումը տեւել է մոտ 2,5 ժամ, որից հետո Էրդողանի պատվին ճաշ է տրվել:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Լիբիայում Էրդողանը հանդիպել էր նաեւ այդ երկրի վարչապետի հետ, որի ժամանակ որոշում է կայացվել փոխադարձաբար հանել երկու երկրների քաղաքացիների համար մուտքի վիզաների համակարգը:
Հիշեցնենք, որ Լիբիա այցելած Թուրքիայի վերջին վարչապետը եղել է Նեջմեթին Էրբաքանը` 13 տարի առաջ: Այդ ժամանակ Էրբաքան-Քադդաֆի հանդիպումը անցել էր Էրբաքանի համար տհաճ մթնոլորտում: Քադդաֆին Էրբաքանից պահանջել էր ստեղծել Քուրդիստան եւ անհանգստություն հայտնել Իսրայել-Թուրքիա սերտ հարաբերություններից:
Լիբիան ղեկավարող Մուամար Քադդաֆին, մի քանի ամիս առաջ, իր ղեկավարման 40 ամյակի կապակցությամբ կազմակերպել էր ճոխ միջոցառումներ, որին մասնակցել էին նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տիկինը եւ փոխվարչապետ` Բյուլենտ Առինչը:




























