Հյուսիսային Կորեայում այսօր` փետրվարի 16-ին, օրվան վայել խանդավառությամբ նշում են հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը` «Բեւեռային աստղի օրը»:
Երկրի տարբեր շրջաններից ժամանած հազարավոր մարդիկ հրապարակում դրված Կիմ Չեն Իրի դիմանկարի մոտ ծաղիկներ են դնում:
Բոլոր տեղերում աճեցվել են Կիմ Իր Սենի պատվին «կիմիրսենիա» անվանված խոլորձներ եւ նրա որդի Կիմ Չեն Իրի պատվին «կիմչենիրիա» անվանված բեգոնիաներ` Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը իրենց հավատարմությունը ցույց տալու համար:
Երգահանները Կիմ Չեն Իրին նվիրված երաժշտական օդաներ են հորինել, իսկ քանդակագործները նրան փառաբանող կարգախոսներ են քանդակել լեռների լանջերին: Փյոնհան-Նամդո նահանգի Սոկդա ժայռի վրա 120 մետրանոց գրություն է փորագրվել` «Անփոխարինելի հայրենասեր, գեներալ Կիմ Չեն Իր: 16 փետրվարի, չուչխեի 101-րդ տարի», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով արեւմտյան լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, մեկ օր առաջ ԿԺԴՀ-ի ռազմական եւ քաղաքական գերագույն ղեկավարությունը ներկա է գտնվել Կիմ Չեն Իրի բրոնզե առաջին արձանի բացմանը:
Արձանը նախկին առաջնորդին պատկերում է երիտասարդ տարիքում` ձիու վրա: Նրա կողքին, դարձյալ ձիու վրա, ԿԺԴՀ-ի հիմնադիր Կիմ Իր Սենն է քանդակած:
Ավելի վաղ այս շաբաթ Կիմ Չեն Իրին գեներալասիմուսի մարտական կոչում էր շնորհվել` երկրում ներդրած ավանդի, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ն «միջուկային գերտերության» վերածելու համար:
Կիմ Չեն Իրը մահացել է 2011թ. դեկտեմբերի 17-ին 69 տարեկան հասակում, սրտի կաթվածից: Նրա մարմինը հանգչում է Կիմսուսանի նախագահական պալատում, որտեղ թաղված է նրա հայրը` Կիմ Իր Սենը:




























