Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը խոստովանել է, որ որքան երկար է շարունակվում պատերազմն Իրանում, այնքան մեծ է դրա բացասական ազդեցության հավանականությունը բրիտանական տնտեսության վրա։
«Կառավարության աշխատանքն է լինել նախաձեռնող, նայել առաջ և համագործակցել մեր գործընկերների հետ։ Ֆինանսների նախարարն ամենօրյա կապի մեջ է Անգլիայի բանկի կառավարչի հետ։ Մենք աշխատում ենք նաև կառավարության բոլոր մակարդակներում, գնահատում ենք ռիսկերը, վերահսկում ենք իրավիճակը և քննարկում ենք այն մեր միջազգային գործընկերների հետ՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք միասին անել՝ մեր երկրի մարդկանց և փձեռնարկությունների վրա հնարավոր ազդեցությունը նվազեցնելու համար։
Սակայն կարևոր է գիտակցել, որ այդ աշխատանքն անհրաժեշտ է, քանի որ մարդիկ կզգան, որ որքան երկար է սա շարունակվում, այնքան մեծ է մեր տնտեսության, յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր բիզնեսի կյանքի և բյուջեի վրա ազդեցության հավանականությունը»։
Սթարմերը հայտարարել է նաև, որ էներգակիրների գների վրա սահմանաչափը կօգնի պաշտպանել տնային տնտեսություններին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական անկայունությունից։ Սակայն նա խոստովանել է, որ բիզնեսը և այլ տնտեսական շահագրգիռ կողմերը «մտահոգված» կլինեն և ուշադիր կհետևեն իրավիճակին։
Սթարմերին հարցրել են նաև՝ արդյոք նա սկսե՞լ է վերականգնել այսպես կոչված «հատուկ հարաբերությունները» Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև Դոնալդ Թրամփի հետ նախորդ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետին «Ուինսթոն Չերչիլ չէ», երբ Սթարմերը հրաժարվել էր Վաշինգտոնին թույլ տալ օգտագործելու բրիտանական բազաները Իրանի վրա նախնական հարվածների համար։
Սթարմերը նշել է, որ ԱՄՆ-ն ներկայում օգտագործում է բրիտանական ավիաբազաները՝ կապված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, և որ Լոնդոնի և Վաշինգտոնի միջև շարունակվում է սերտ հետախուզական ոլորտում համագործակցությունը և ամենօրյա շփումները բոլոր մակարդակներում։ «Տարածաշրջանում մեր և ԱՄՆ զինվորականները տեղակայված են նույն վայրերում, նույն բազաներում,- ասել է նա։ -Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ Մեծ Բրիտանիան համատեղ աշխատում են այդ բազաները պաշտպանելու համար։ Հետևաբար, հարաբերությունների առումով, անհրաժեշտ համատեղ աշխատանքը շարունակվում է, ինչպես և ակնկալվում էր»։
Լրագրողի հարցին՝ արդյոք Դոնալդ Թրամփը ռիսկի չի՞ դիմում համաշխարհային պատերազմ հրահրելու, վարչապետը պատասխանել է. «Մենք պետք է գտնենք իրավիճակի լիցքաթափման միջոց, և մեր քննարկումների մեծ մասը դրան նվիրենք՝ ինչպես գտնել լարվածությունը նվազեցնելու միջոց և համոզվել, որ իրավիճակը չի սրվի արդեն իսկ ստեղծվածից ավելի»։





























