ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) երկուշաբթի Սաուդյան Արաբիային կոչ է արել միանալու Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին՝ այն որակելով որպես «համընդհանուր շահերի համար պայքար»։

«Որքան հասկանում եմ՝ Թագավորությունը հրաժարվում է օգտագործել իր զինված ուժերը՝ Իրանի բարբարոսական և ահաբեկչական ռեժիմը ոչնչացնելու ջանքերում, որը ահաբեկել է տարածաշրջանը և սպանել 7 ամերիկացիների»,- X-ում գրել է Գրեհեմը։

«Հարցն այն է. ինչո՞ւ պետք է Ամերիկան ​​պաշտպանական համաձայնագիր կնքի Սաուդյան Արաբիայի նման երկրի հետ, եթե այն պատրաստ չէ մասնակցել ընդհանուր շահերի համար պայքարին»,- հավելել է սենատորը։

Անցյալ տարի Թրամփի վարչակազմը համաձայնել է 142 միլիարդ դոլարի պաշտպանական գործարքի, ըստ որի Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգներում 600 միլիարդ դոլարի ներդրումների դիմաց տասնյակ ամերիկյան ընկերություններից առաջադեմ զենք կստանա։

Պայմանագրի շրջանակում՝ Սաուդյան Արաբիային թույլատրվելու է գնել առաջադեմ F-35 կործանիչներ։

«Ամերիկացիները մահանում են, իսկ Միացյալ Նահանգները միլիարդներ է ծախսում տարածաշրջանին սպառնացող իրանական ահաբեկչական ռեժիմը վերացնելու համար։ Մինչդեռ, Սաուդյան Արաբիան, կարծես, միայն մասամբ օգտակար հայտարարություններ և գործողություններ է անում կուլիսներում, սակայն չի մասնակցում Իրանից եկող ահաբեկչությանը վերջ դնելու ռազմական գործողություններին, -գրել է Գրեհեմը։ -Հուսով եմ՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներն ավելի ներգրավված կլինեն, քանի որ այս պայքարը տեղի է ունենում նրանց շեմին»,- հավելել է սենատորը։

Գրեհեմը պաշտպանել է Իրանի դեմ ավելի կոշտ հարվածները՝ Fox News-ին հայտարարելով. «Երբ այս ռեժիմը տապալվի, մենք կունենանք նոր Մերձավոր Արևելք, և մենք մեծ գումարներ կվաստակենք»։