Իսրայելը դիտարկում է Հարավային Լիբանանում ավելի խոր առաջխաղացման և այնտեղ իր ռազմական ներկայության ընդլայնման հարցը, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով իսրայելական երկու աղբյուրի: Այս քայլի նպատակն է «կանխել Հըզբոլլահի հարձակումները իսրայելական ուժերի և Իսրայելի բնակավայրերի վրա»:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի երեկոյան հանդիպել է անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Լիբանանում տիրող իրավիճակը՝ Իսրայելի՝ Հըզբոլլահի թիրախների վրա հարվածների և Իսրայելի վրա շարունակվող հրթիռային հարձակումների ֆոնին, ասել է աղբյուրներից մեկը: Ըստ աղբյուրի՝ քննարկումից առաջ իսրայելական զինվորականների առաջարկությունը սահմանի երկայնքով անվտանգության գոտին ընդլայնելն էր:
Հարավային Լիբանանում Իսրայելի պաշտպանության ուժերի (ՑԱԽԱԼ) ներկայության ամրապնդման վերաբերյալ քննարկումը տեղի է ունեցել հակատանկային հրթիռային կրակից մի քանի իսրայելցի զինվորների վիրավորումից հետո: Հըզբոլլահին սահմանից ավելի հեռու մղելը կօգնի նվազեցնելու մինչև 8 կիլոմետր հեռահարության հրթիռների սպառնալիքը:
«Մենք խնդիր ունենք այս հրթիռների հետ, և դա չի կարող լուծվել Լիբանանի ներսում ընդամենը մեկ կամ մեկուկես մղոն հեռավորության վրա»,- ասել է իսրայելական աղբյուրներից մեկը:
2024 թվականի նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագրից ի վեր Իսրայելը Հարավային Լիբանանում զբաղեցրել է հինգ դիրք: Անցյալ շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ զբաղեցրել է ևս մի քանի դիրք՝ ընդլայնելով իր ներկայությունը՝ ի պատասխան «Հըզբոլլահի» կողմից մարտի 2-ին իրականացված հրետակոծության։
Երկուշաբթի Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հանդիպեց Լիբանանում ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ժանին Հեննիս-Պլասշերտի հետ։ Ըստ հանդիպումից հետո տարածված հայտարարության՝ Սաարը հայտարարել է, որ «Հըզբոլլահն» անցած շաբաթվա ընթացքում ավելի շատ հրետանային արկեր է արձակել Իսրայելի վրա, քան Իրանը, և ընդգծել է, որ Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի տեղակայումը նպատակ ունի «պաշտպանելու» Իսրայելի քաղաքացիներին։





























