Իրանի իշխանությունները 700 հազար դոլար գրավի դիմաց ժամանակավորապես ազատ են արձակել ընդդիմադիր գործարար Մոհամադ Աթրիանֆարին, ով 6 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ հունիսին նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաներին առնչություն ունենալու համար:

Իրանի ոստիկանությունը նաեւ նախազգուշացրել է ընդդիմության աջակիցներին` երկրում դեկտեմբերի 9-ին նշվող Ուսանողի տոնը չօգտագործել որպես առիթ` բողոքի նոր ակցիաներ կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 12-ին Իրանում նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի միջոցառումներ սկսվեցին, քանի որ ցուցարարները համարում էին, որ ընտրությունները կեղծվել են: Բողոքի գործողությունները վերաճեցին զանգվածային անկարգությունների, որի ժամանակ իշխանությունները կրակ բացեցին ցուցարարների վրա եւ սպանեցին 12 մարդու: Ընդդիմությունը պնդում է, որ զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի: Մինչ այսօր ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցած 5 անձ դատապարտվել է մահապատժի: