Հայաստանում եկամուտների հայտարարագրման ռեֆորմը մեկնարկել է դեռևս երկու տարի առաջ։ Այն ժամանակ քաղաքացիների առաջին խումբը ներկայացրել է իր հայտարարագրերը։ Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Ինչպես նշել է պաշտոնյան, անցյալ տարի այդ գործընթացին միացել են քաղաքացիների այլ խմբեր ևս, այդ թվում՝ վարձու աշխատողները։ Այս տարի, ըստ էության, պետք է միանան բոլոր մնացած աշխատողները։
«Այսինքն, բոլոր ռեզիդենտ քաղաքացիները դառնում են հայտարարատու», - «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ խոսելով եկամուտների հայտարարագրման գործընթացի մասին։
Նրա խոսքով՝ համակարգը արդիականացվում է և ավելի ու ավելի պարզ դառնում։
«Նույնիսկ անցյալ տարի հայտարարագրերի բավականին մեծ հատված է ինքնաշխատ կերպով հանձնվել ՊԵԿ-ին, այսինքն մենք ենթադրեցինք, որ այն եկամուտներից բացի, որոնք ՊԵԿ-ին հայտնի են, քաղաքացիները ավել հայտնելու բան չունեն: Այդքանով այդ տեղեկատվությունը համարեցինք ամբողջական։ Այս տարի այդ գործընթացը շարունակվելու է նույն տրամաբանությամբ, կգործի նույն վերջնաժամկետը: Եթե մինչև նոյեմբեր մեր քաղաքացիները կունենան հավելյալ հայտարարագրման ենթակա եկամուտներ, ապա պետք է բացեն համակարգը և նշեն դրանց մասին, իսկ եթե մինչեւ նոյեմբերի 1-ը որևէ գործողություն չանեն, մենք հաշվի կառնենք, որ այն տեղեկատվությունը, որին ՊԵԿ-ը տիրապետում է, ըստ էության հարկ վճարողի կարծիքով՝ ամբողջական է, ավելացնելու ոչինչ չկա: Եվ հայտարարագիրը այդ տեսքով կազմված կհամարենք՝ հանձնված ՊԵԿ-ին», - բացատրել է Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալը։
Նա ընդգծել է, որ ցանկացած քաղաքացի, ով հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ՝ այսինքն՝ նրա կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, կամ նա մեկ տարվա ընթացքում երկրի տարածքում գտնվել է ավելի քան 183 օր, պարտավոր է լրացնել հայտարարագիր։
Խոսելով վարկերի մասին՝ փոխնախարարը, մասնավորապես, նշել է.
«Բազմաթիվ քաղաքացիներ բարձրացնում են այն հարցը, թե ինչու են վարկերը հայտարարագրվում։ Մենք՝ ֆինանսների նախարարությունը և կառավարությունը վերացրել ենք այդ պահանջը: Վերանայվել է նաև միջանձնային փոխանցումների շեմը՝ հասցվելով մինչև մեկ միլիոն դրամի: Օրինակ, եթե մի ընկեր մյուսին փոխանցում է կատարել, ասենք միասին սրճարան են գնացել, հետո ընկերը փոխանցել է այդ գումարը, հիմա գործարքի առումով շեմի առկայությունը հնարավորություն է տալիս, որ քաղաքացիներն այլևս չանհանգստանան միմյանց նման գումարներ փոխանցելիս», - պարզաբանել է Գևորգյանը։
Նա նշել է, որ այս թեմայի վերաբերյալ լրատվամիջոցներում մեծ քանակությամբ ապատեղեկատվություն է տարածվում։ Պաշտոնյայի խոսքով՝ իրենց նպատակը կոնկրետ փոքր գործարքները բացահայտելը կամ դրանց դեմ վարչական միջոցներ ձեռնարկելը չէ, այլ համապարփակ պատկեր ստանալը։
«Նախկինում եղել են բազմաթիվ հրապարակումներ, որոնք նույնպես ապատեղեկատվություն էին։ Օրինակ՝ պնդում էին, թե արտերկրից ձեր հարազատների կողմից ստացվող փոխանցումները կսկսեն հարկվել և այլն։ Փորձը ցույց է տվել, որ նման բան չկա և դա բացարձակ սուտ էր», — ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալը։





























