Իսրայելը նախատեսում է իր պաշտպանության բյուջեն ավելացնել գրեթե 40 միլիարդ շեկելով (մոտավորապես 13 միլիարդ ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի մոտավորապես 2%-ով՝ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ֆինանսների նախարարության պաշտոնյային։

Լրացուցիչ ֆինանսավորումը ներառված է վերանայված 2026 թվականի բյուջեում, որը կքննարկվի և հնարավոր է՝ երեքշաբթի երեկոյան հաստատվի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի նիստում։ Այնուհետև փաստաթուղթը պետք է մինչև ամսվա վերջ վավերացնի խորհրդարանը։

Ըստ պաշտոնյայի՝ պաշտպանության բյուջեն կավելանա 28 միլիարդ շեկելով, իսկ լրացուցիչ 10 միլիարդը կհատկացվի հնարավոր ռազմական կարիքների համար։

Պաշտպանության ծախսերը, որոնք բյուջեի խոշորագույն կետն են, կկազմեն ընդհանուր առմամբ 140 միլիարդ շեկել, ինչը 115%-ով ավելի է, քան 2023 թվականին՝ Գազայի պատերազմից առաջ։ Ընդհանուր ծախսերի ծրագիրն այժմ մոտենում է 700 միլիարդ շեկելի։

Լրացուցիչ միջոցները հիմնականում կօգտագործվեն ռազմական պահեստազորը համալրելու և պահեստազորայիններին վարձատրելու համար։ Ավելի վաղ բյուջեն սահմանել էր տարեկան 40 հազար պահեստազորայինների սահմանափակում՝ յուրաքանչյուր պահեստազորի համար առավելագույնը 55 օր ծառայության ժամկետով։ Սակայն, փետրվարի վերջին Իրանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր, բանակը զորակոչել է ավելի քան 100 հազար պահեստազորային։

Երկու տարվա պատերազմից հետո Իսրայելի պարտքը ռեկորդային մակարդակի է հասել։

Իրանի հետ ռազմական գործողությունների վերսկսումից հետո պետության պարտքը մեծացել է։ Նպատակային դեֆիցիտը, որը նախկինում սահմանվել էր 3,9%, հավանաբար կբարձրացվի, չնայած ճշգրիտ որոշումը կընդունվի կառավարության երեքշաբթի օրը անցկացվելիք նիստում։

3,9%-ից բարձր դեֆիցիտը կարող է հանգեցնել պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության աճի, որը ներկայում կազմում է գրեթե 69%։ Բյուջեի ցանկացած մասը, որը չի ֆինանսավորվում պարտքերով, կպահանջի ծախսերի կրճատում այլ ոլորտներում կամ նոր հարկերի ներդրում։

Կառավարությունն արդեն հայտարարել է խնայողության միջոցառումների մասին, որոնք կազմում են մոտ 30 միլիարդ շեկել՝ Գազայում, Լիբանանում և Իրանում Իսրայելի պատերազմները ֆինանսավորելու համար։ Այդ միջոցառումները ուժի մեջ կմնան մինչև 2027 թվականի վերջը։

Ըստ Իսրայելի օրենսդրության՝ բյուջեն պետք է հաստատվի մինչև մարտի 31-ը, հակառակ դեպքում կառավարությունը ավտոմատ կերպով կլուծարվի։