Թրամփի վարչակազմը երկուշաբթի Իսրայելին խնդրել է չհարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին, մասնավորապես՝ նավթային ենթակառուցվածքներին, ինչպես հայտնում են իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներ, գրում է Axios-ը։
Դա առաջին դեպքն է, երբ Թրամփի վարչակազմը զսպում է Իսրայելին, երբ երկու երկրները տասը օր առաջ համատեղ գործողություններ սկսեցին Իրանի դեմ։
Իսրայելի հարվածները 10 միլիոն բնակչություն ունեցող Թեհրանը ծածկել են թունավոր սև ծխով և թթվային անձրևով, ինչը ստիպել է անհապաղ նախազգուշացումներ անել շարքային իրանցիների առողջության համար ռիսկերի մասին։
ԱՄՆ-ն իր խնդրանքները փոխանցել է բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաներին, ինչպես նաև Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր հրամանատար Էյալ Զամիրին, հայտնել է իսրայելցի պաշտոնյան։
Թրամփի վարչակազմն իր խնդրանքի համար նշել է երեք պատճառ.
Նման հարվածները վնասում են Իրանի բնակչությանը, որի մեծ մասը դեմ է ռեժիմին։
Թրամփը ցանկանում է պատերազմից հետո ներգրավվել Իրանի նավթային ոլորտում, ինչպես Վենեսուելայի հետ իր ծրագրերը։ Հարվածները կարող են հրահրել Պարսից ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքների վրա Իրանի լայնածավալ պատասխան հարձակումները։
Իրանն ավելիվաղ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտների վրա, սակայն դրանց էական կամ անդառնալի վնաս չեն պատճառել։
ԱՄՆ-ը մտահոգված է, որ իրանական նավթի վրա նոր հարվածները կարող են փոխել այդ իրավիճակը և ավելի բարձրացնել նավթի գները։
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Թրամփը Իրանի էներգետիկ և նավթային օբյեկտների վրա հարվածները դիտարկում է որպես «դատաստանի օրվա տարբերակ», այսինքն՝ դրանք պահուստային վիճակում պահել այն դեպքում, եթե Իրանն առաջինը կհարձակվի Պարսից ծոցի նավթային օբյեկտների վրա։
Թրամփը հրապարակավ ակնարկել է նման ռազմավարության մասին՝ երկուշաբթի զգուշացնելով, որ Իրանին «20 անգամ ավելի ուժեղ» հարված կհասցվի, եթե Թեհրանը խաթարի համաշխարհային նավթի մատակարարումները։
Truth Social-ում գրառման մեջ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը կոչնչացնի մեղմ թիրախները, «գործնականում անհնար դարձնելով Իրանի վերակառուցումը որպես ազգ»։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Թրամփն ակնարկում է իրանական նավթային օբյեկտների վրա հնարավոր հարվածների մասին։
Սենատոր Լինդսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա), պատերազմի ամենաակտիվ կողմնակիցներից մեկը, նույնպես քննադատել է Իրանի նավթային պահեստների վրա Իսրայելի հարվածները։
«Խնդրում եմ զգույշ լինել թիրախավորման հարցում։ Մեր նպատակն է ազատագրել իրանցի ժողովրդին, որպեսզի նրանք ռեժիմի անկումից հետո նոր կյանքի հնարավորություն ունենան։ Իրանի նավթային տնտեսությունը կարևոր դեր կխաղա այդ գործում»,- գրել է Գրեհեմը X-ում (նախկինում՝ Twitter)։
Երեքշաբթի առավոտյան ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը լրագրողներին ասել է, որ վարչակազմը հեռու է մնում նավթային պահեստների վրա Իսրայելի հարվածներից՝ նշելով, որ ԱՄՆ-ն նման օբյեկտների վրա չի հարձակվել։
Սպիտակ տունը, Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատունը և Իսրայելի պաշտպանության ուժերը հրաժարվել են մեկնաբանություն տալ։





























