Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ միշտ ուրախ է Սպիտակ տան ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին տեսնելու համար, որին Իսրայելում սպասում են հաջորդ շաբաթ, հաղորդում է Times of Israel-ը։

Միևնույն ժամանակ, Նեթանյահուն պնդում է, որ ԱՄՆ-ի կողմից որևէ «հարկադրանք» չկա։

«Նախագահ Թրամփի և իմ միջև հարաբերությունները, Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև մեր կառուցած կապերը, մեր երկու զինված ուժերի՝ աշխարհի լավագույն զինված ուժերի և աշխարհի լավագույն ռազմաօդային ուժերի միջև համագործակցությունը՝ այդ համագործակցությունը հսկայական է։ Այն չի գործում հարկադրանքով»,- ասել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ այդ հարաբերությունները գործում են «երկխոսության, համատեղ հայեցակարգերի, խորհրդակցությունների և համատեղ աշխատանքի միջոցով»։

«Սկսեք նման կերպ մտածել։ Դա ճիշտ է բոլոր մակարդակներում, սակայն առաջին հերթին՝ նախագահի և իմ, ինչպես նաև մեր աշխատակազմերի միջև»,- հավելել է նա։