Պարսից ծոցի երկրների նավթարդյունահանող ընկերությունները կորցրել են մոտ 15.1 միլիարդ դոլարի հասույթ Հորմուզի նեղուցով նավագնացության փակման պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով փորձագետներին։

Wood Mackenzie խորհրդատվական ընկերության հաշվարկների համաձայն՝ Հորմուզի նեղուցի փաստացի փակումը ամենաշատը հարվածել է Սաուդյան Արաբիային՝ նավթի արտահանումից 4.5 միլիարդ դոլարի կորուստով։ Կատարի նավթագազային Qatar Energy ընկերությունը մարտի 2-11-ը կորցրել է մոտ 571 միլիոն դոլարի եկամուտ՝ նավթարդյունահանման դադարեցման պատճառով։ Փորձագետները կարծում են, որ Իրաքը, որն իր բյուջեի եկամուտների 90 տոկոսը ստանում է նավթարդյունահանումից, կարող է ամենալուրջ վնասը կրել նավթամթերքի արտադրության եւ մատակարարման խափանումներից։ Կատարը եւ Քուվեյթը նույնպես կարող են բախվել բացասական հետեւանքների, բայց կարճաժամկետ հեռանկարում նրանք կարող են օգտագործել իրենց սուվերեն ֆոնդերը։

Հորմուզի նեղուցում նավերում արգելափակված նավթամթերքի եւ հեղուկացված բնական գազի արժեքը կազմում է առնվազն 10.7 միլիարդ դոլար, հայտնել է FT-ն՝ հղում կատարելով Kpler վերլուծական ընկերության տվյալներին։ Միջին հաշվով, նեղուցով օրական փոխադրվում էր 1.2 միլիարդ դոլար արժողությամբ էներգառեսուրս։