Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հանդես է եկել   բավականին մտահոգիչ հայտարարությամբ ՝ հրապարակելով Վարդանյանի ձայնային հաղորդագրությունն ուղղված Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային:

Ձայնագրությունից պարզ լսվում է, թե ինչպես են Վարդանյանին  ընդհատում:  Մտահոգիչ է նաև այն, որ «դատավճիռների» հրապարակումից մեկ ամիս անց  Բաքվում պահվող հայ գերիները դեռևս դեռ չեն ստացել «դատավճիռների» տեքստերը ոչ մի լեզվով: Ըստ իրավապաշտպանների, սա կարող է զրկել նրանց անգամ դրանք բողոքարկելու հնարավորությունից:

Նշենք, որ  հայ գերիներին  հասանելիություն ունեցող միջազգային մարդասիրական միակ կառույցը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, 2025թ. սեպտեմբերի 3-ից  Ադրբեջանի կառավարության պահանջով դադարեցրել է գործունեությունն այնտեղ:  Մարդասիրական այս կառույցի հեռացումը հայ գերիներին թողել է բացարձակապես անպաշտպան վիճակում: «Մենք նաև մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները՝ կապի պահպանված միակ միջոցը, կարող են դադարեցվել»,-ասված է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարության մեջ։

NEWS.am-ն արդեն այս թեմայով  հարցումներ է ուղարկել միջազգային տարբեր կազմակերպությունների, դեսպանատների, ինչպես նաև ՀՀ մի շարք կառույցների՝ փորձելով ճշտել, թե նման  իրավիճակում ի՞նչ  քայլեր են ձեռնարկում  կամ կարող են ձեռնարկվել: