Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, փետրվարի 15-ին, հանդիպում է ունեցել Կանադայի գրադարանավար եւ արխիվարիուս Դանիել Քարոնի հետ եւ քննարկել հումանիտար բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, մասնավորապես, Հայաստանի դեսպանը տեղեկացրել է, որ Երեւանը 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է Համաշխարհային Գրքի մայրաքաղաք, եւ որ այս տարի մեր երկիրը նշում է հայ տպագիր գրքի 500-ամյակը:

Սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել տարվա ընթացքում Կանադայի մայրաքաղաքում, ինչպես նաեւ այլ քաղաքներում կազմակերպել գրքերի շնորհանդեսներ, հայկական մշակույթի մասին պատմող ֆիլմերի ցուցադրումներ, համատեղ միջոցառումներ: Դոկտոր Քարոնը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել բոլոր նախաձեռնություններին:

Նշենք, որ Կանադայի «Գրադարանն ու Արխիվները» երկրի գիտա-հասարակական ամենահեղինակավոր կենտրոններից մեկն է: