Վերջին շրջանում կատարվող իրադարձությունների համատեքստում Հայաստանը պետք է լրջորեն մտածի այս կամ այն ռազմական դաշինքին մասնակցելու նպատակահարմարության մասին: Այդ մասին հայտարարել է պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Հրայր Կարապետյանը:
Մասնավորապես, պատգամավորն անթույլատրելի է համարում, որ Ռուսաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, ակտիվ ռազմա-ստրատեգիական համագործակցություն է ծավելել Ադրբեջանի հետ, որը չի մտնում այդ կազմակերպության մեջ եւ ուղղակի սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ անդամի՝ Ռուսաստանի ռազմավարական գործընկեր Հայաստանի համար:
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչում է այս կամ այն դաշինքին մասնակցության տրամաբանությունը, եթե մասնակից-երկրները հավասարապես զարգացնում են ռազմական համագործակցությունը ոչ մասնակից երկրների հետ, որոնք մշտապես հանդես են գալիս այդ բլոկի անդամ-պետության դեմ ռազմաշունչ հայտարարություններով: Մյուս կողմից, Ռուսաստանը համագործակցություն է ծավալել իր բոլոր բաղադրիչներով Հայաստանի համար սպառնալիք հանդիսացող մեկ այլ երկրի՝ Թուրքիայի հետ, որը նաեւ ՆԱՏՕ-ի անդամ է: Այդ ամենը հիմք է տալիս կասկածելու, թե որքանով է նպատակահարմար մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը, բայց պայմանով, որ այդ անդամությունը ձեւական բնույթ չկրի»,- ամփոփել է Կարապետյանը՝ հավելելով, որ Թուրքիան, զարգացնելով համագործակցությունը Ռուսաստանի հետ, նրան թակարդի մեջ է ներքաշում եւ ամրացնում ՆԱՏՕ-ի դիրքերը տարածաշրջանում:
Պատգամավորը խոսել է նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մասին՝ նկատելով, որ չնայած այդ կազմակերպության հետ արդյունավետ համագործակցություն է ընթանում, դրա անդամ-երկրները շարունակում են ակտիվորեն զինել Ադրբեջանին: «Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլեւ շատ եվրոպական երկրների, մասնավորապես՝ Ռումինիային, որը մեծ մղումով զենք է ուղարկում Ադրբեջան»,- նշել է Կարապետյանը՝ նկատելով, սակայն, որ Հայաստանը այդուհանդերձ, պետք է շարունակի համագործակցությունը՝ պայմանով, որ ՆԱՏՕ-ի անդամները չզինեն Ադրբեջանին:




























