ՀԱՊԿ-ն վաղուց սպառել է իրեն, որպես ռազմական կազմակերպություն, ռազմական դաշինք, որ կարող էլ հակակշիռ լինել ՆԱՏՕ-ին, քանի որ ի տարբերություն հյուսիսատլանտյան դաշինքի, չունի գլոբալ կազմակերպչական եւ նյութական բազա, որ ընդհանուր եւ կապող կլիներ դաշինքի բոլոր անդամների համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փորձագետ Գեւորգ Աղբալյանը:
Նրա խոսքով ՀԱՊԿ-ին անդամակցող երկրները տարբեր աշխարհաքաղաքական շահեր ունեն, եւ ՀԱՊԿ-ին անդամակցելը զուտ ձեւական բնույթ է կրում: «Օրինակ, ՀԱՊԿ-ին անդամակցելը չի խանգարում Ռուսաստանին ռազմական համագործակցություն ծավալել այդ դաշինքին չանդամակցող Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ: Բայց այդ երկրները ուղղակի սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի համար: Կամ էլ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դեպքում դժվար է պատկերացնել, թե միջինասիական պետութունները օգնության ձեռք կմեկնեն „ՀԱՊԿ-ի եղբայր“ Հայաստանին, ավելի շուտ կօգնեն ՎՈՒԱՄ անդամ Ադրբեջանին, որի հետ էներգետիկ եւ տնտեսական կապերով են կապված»,- նշեց փորձագետը: Հենց այդ պատճառով էլ Աղբալյանի կարծիքով, Երեւան կատարած բազմաթիվ այցերի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հարցին, թե ՀԱՊԿ-ը ռազմական գործողությունների ժամանակ կխառնվի՞, թե՞ ոչ, խուսափողական պատասխաններ է տվել:
Բացի այդ, ըստ փորձագետի, նույն Հարավային Կովկասի տարածաշրջանում ՀԱՊԿ-ը չի կարող տարածաշրջանային գործոնի դեր խաղալ, քանի որ աշխատում է միայն Հայաստանի հետ՝ ի տարբերություն ՆԱՏՕ-ի, որ գործակցում է բոլոր երեք երկրների հետ: «Ընդ որում, ՀԱՊԿ-ը լուրջ չի ընդունվում ոչ միայն իր անդամների, այլեւ ՆԱՏՕ-ի կողմից, եւ այդ պատճառով էլ տեւական ժամանակ է՝ ՀԱՊԿ-ի ՆԱՏՕ-ին մեկնած բարեկամության ձեռքը կախված է մնում օդում»,- ամփոփեց փորձագետը:




























