Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր` փետրվարի 18-ին, նրա հարազատ Նյուարք քաղաքում:
Նյու Ջերսի նահանգում այդ օրը կիջեցվեն ազգային դրոշները. Նման պատվի ԱՄՆ-ում արժանանում են միայն պետական գործիչները:
Հյուսթոնի ընտանիքի որոշմամբ քաղաքացիական հոգեհանգիստ չի լինի, հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա բապտիստական «Նոր հույս» եկեղեցում: Այդ եկեղեցու երգչախմբում է իր առաջին քայլերն արել փոքրիկ Ուիթնին: Նրան այդտեղ է բերել մայրը` Սիսի Հյուսթոնը, Grammy-ի մրցանակակիր աֆրոամերիկյան ավետարանական ժանրի երաժշտության ասպարեզում:
Հրաժեշտի ներբողով (հանգուցյալի պատվին սգո արարողությանը վերջին գլխավոր ճառ), ելույթ կունենա ընտանիքի ընկեր եւ ավետարանական հայտնի երգչուհի Մերվին Ուայնենսը:
Սպասվում է, որ հոգեհանգստին կերգեն հանգուցյալի զարմուհի Դայան Ուարվիքը, Սթիվի Ուոնդերը, Ալիսիա Քիսը, Արեթա Ֆրանքլինը:
Եկեղեցում կարող են ներկա գտնվել միայն հարազատները եւ երգչուհու շրջապատից 1,5 հազար պաշտոնապես հրավիրյալները, նրանց թվում նաեւ Ուիթնիի նախկին ամուսին Բոբի Բրաունը, որի հետ ամուսնալուծվել էր: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Ուիթնիի հարազատները չեն ցանկանում Բոբիին թողնել թաղմանը:
Արարողությանը մուտքն ազատ չի լինի: Ուիթնի Հյուսթոնի ընտանիքի խնդրանքով չի լինի նաեռւ ավանդական թաղման թափորը: Նյուարքի ոստիկանությունը նախազգուշացրել է, որ դեպի եկեղեցի բոլոր ուղիները շրջափակված են լինելու, եւ երգչուհու բոլոր երկրպագուներին խորհուրդ է տվել արարողությանը հետեւել տնային էկրանների առաջ` ուղիղ եթերով: Հիշեցնենք, որ հրաժեշտի արարողությունը ցույց կտան Livestream կայքի ուղիղ եթերում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի մի քանի արբանյակային հեռուստատեսային ալիքներով:
Հյուսթոնը վախճանվել էր փետրվարի 12-ին Բեւերլի Հիլզի Beverly Hilton հյուրանոցի իր համարում: Երգչուհին 48 տարեկան էր: Լոգարանում հայտնաբերված Հյուսթոնի մահվան պատճառների հետաքննությունը դեռ չի ավարտվել:
Հյուսթոնը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել որպես ամենաշատ մրցանակներ ունեցող երգչուհի: Նա ստացել է վեց Grammy, Billboard Music Awards-ի 185 մրցանակ, American Music Awards-ի 21 մրցանակ, Emmy-ի երկու եւ երաժշտական այլ բազմաթիվ մրցանակներ եւ պարգեւներ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























