Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, այսօր համաներմամբ պատժի կրումից ազատել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին: Հիշեցնենք, որ Շամշյանի դեմ քրեական գործ էր հարուցվել քր.օր-ի 343 հոդվածի 3-րդ մասով (Անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ), իբր 2008թ. օգոստոսի 5-ին քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանի դատաքննության ընթացքում վիրավորական արտահայտություններ է արել դատավոր Գագիկ Ավետիսյանի հասցեին: Շամշյանի դատավարության ընթացքում դատավոր Արմեն Խաչատրյանը հարցաքննեց միայն երեք կարգադրիչի եւ դատական նիստերի մեկ քարտուղարի, եւ Գագիկ Շամշյանին դատապարտեց 350 հազար դրամ տուգանքի: Վերաքննիչ քրեական դատարանն արդեն մեկ անգամ՝ հունիսի 15-ին անփոփոխ է թողել Շամշյանի դատավճիռը, եւ անսպասելիորեն լրագրողին կրկին հրավիրել դատաքննության ու համաներում կիրառել: «Ես ասացի, որ համաձայն չեմ, որ իմ նկատմամբ համաներում կիրառեն: Համաներում պիտի կիրառեին դատավոր Գագիկ Ավետիսյանի նկատմամբ: Դատարանը կիրառեց համաներում: Ուշագրավն այն է, որ դատարանը իրավունք չուներ իմ նկատմամբ համաներում կիրառել, քանի որ մի քանի տարի առաջ մեկ այլ գործով իմ նկատմամբ համաներում արդեն կիրառվել է, իսկ օրենքը հստակ ասում է, որ համաներում են մեկ անգամ: Իրենք ասացին, որ „շուխուռ“ մի արա, քեզ լավություն ենք անում: Ոչ, թող օրենքի տառը պահեին»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շամշյանը եւ հավելեց, որ անպայման բողոքարկելու է դատարանի վճիռը: