Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անցյալը, ներկան եւ ապագան կապված են հիմնականում Կրեմլի աշխարհընկալման եւ դրա փոփոխությունների հետ: Իսկ ՀԱՊԿ մնացած անդամ-երկրները, դրանց իշխանությունները, հարմարվելով այդ իրողությանը, լուծում են որոշակի խնդիրներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական եւ Միջազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Ընդ որում, ըստ փորձագետի, «կյանքը ցույց տվեց, որ մինչ այժմ բազմակողմանի ֆորմատով այդ կազմակերպությունն ուղղակի չի աշխատում: Տեսնում ենք 3 օպերատիվ ուղղություններ, արեւմտյան (Բելառուս), կովկասյան (Հայաստան) եւ կենտրոնասիական (մնացյալը), որոնք քաղաքական եւ ռազմա-քաղաքական շահերի առումով կապ չունեն իրար հետ»:
«Եւ եթե մինչ այժմ Ռուսաստանը հասկանալի պատճառներով կատարում էր ՀԱՊԿ „ցեմենտի“ դերը, ապա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ռազմական համագործակցություն ծավալելու հանգամանքը ՀԱՊԿ-ը դարձնում են անիմաստ եւ աննպատակ կառույց, որին անդամակցելը ոչնչով չի տարբերվում չանդամակցելուց: Եթե Ռուսաստանի վարվող քաղաքականությունը համարենք օրինակելի նաեւ այլ անդամ-երկրների համար, ապա հռետորական հարց. մեր ինչի՞ն է պետք այսպիսի աննպատակ եւ ինքնապատակ կազմակերպությունը, մի՞թե բավական չէ նախկին կայսրության ֆանտոմային ցավերի սպեղանի ծառայելը»,- նշեց Մեհրաբյանն ու հավելեց. «ՀԱՊԿ կողմից արվող ինստիցուցիոնալ քայլերը փորձ են նմանակելու ՆԱՏՕ-ին, չունենալով դրա թե փորձը, թե ռեսուրսը, վերածվելով անպետք սուռոգատի (»մենք էլ մեր ՆԱՏՕ-ն
ունենք…"):
Փորձագետը կարծում է, որ ժամանակն է վերջ տալ սեթեւեթանքներին եւ ինքնախաբեությանը. «Եվրոպական մայրցամաքում գտնվող Հարավային Կովկասն ընդհանրապես, Հայաստանը մասնավորապես՝ անվտանգ, խաղաղ եւ բարեկեցիկ կարող են լինել միայն ՆԱՏՕ-ին անդամակցելով: Սակայն, մինչ այդ մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները մեր հարեւանների հետ, մեր ներսում, առանց որի մեր անվտանգությունը չի երաշխավորի ոչ Ռուսաստանը, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ նույնիսկ Բարձրյալը»,- ամփոփեց փորձագետը:



















