Թուրքիայի արգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ստամբուլի ռեստորաններից մեկում անակնկալ հանդիպում են ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» կայքը: Արտգործախարարները ռեստորանից դուրս գալով պատասխանել են լրագրողների հարցերին: Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է. «Ինչպես միշտ՝ „մեկ ազգ երկու պետություն“ հասկացության մեջ տարածաշրջանի բոլոր զարգացումները աչքի անցկացրեցինք: Միասին քննարկեցին վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունները, տարածաշրջանի այլ զարգացումները եւ մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների բավականին տեսանելի զարգացումները»:

Լրագրողներից մեկը Դավութօղլուին հարցրել է. «Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունների բարելավման համար Հայաստանը Թուրքիայի քայլերին է սպասում: Այդ քայլերը արվելու՞ են։ Ի՞նչ քայլեր են դրանք»:

«Միշտ ասել եմ, որ քայլերը պետք է երկկողմանի լինեն: Տարածաշրջանում Թուրքիայի վերջնական նպատակը Կովկասում հաստատուն կայունություն, խաղաղություն եւ զարգացում ապահովելն է: Դա միակողմանի քայլերով չի լինի: Բոլոր կողմերը բարի մտադրություններով քայլեր պետք է կատարեն: Թուրքիան նախկինում ողջ տարածաշրջանում ցույց է տվել իր բարի մտադրությունները: Սակայն միայն փոխադարձ իրականցնելու դեպքում այս քայլերը կապահովեն մնայուն խաղաղություն: Սա նաեւ պարոն Մամեդյարովի հետ քննարկեցինք», պատասխանել է Թուրքիայի արտգործնախարարը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ասել է, թե երկու ժամ առաջ է Տոկիոյից Ստամբուլ ժամանել եւ Ահմեդ Դավութօղլուից ընթրիքի հրավեր էստացել: Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին, համոզմունք է հայտնել, որ ի վերջո հայկական ուժերը դուրս կգան «գրավյալ» տարածքներից: