Վրաստանի ԱԳՆ-ն իր ցավակցություններն է հայտնել ավիավթարի ենթարկված Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի ուղեւորների ընտանիքներին ու հարազատներին:
«Վրաստանի ԱԳՆ-ն խորը կսկիծով տեղեկացնում է, որ աղետի զոհ են դարձել Իրանում Վրաստանի ժամանակավոր հանձանակատարի կինը եւ Հայաստանում Վրաստանի դեսպանատան ֆինանսական մենեջերը»,- ասված է նախարարության տեղեկատվությունում:
Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, եղել է 168 մարդ, այդ թվում՝ ինքնաթիռի 15 հոգանոց անձնակազմը: Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Ղազվինի շրջանի Ջենեթաբադ քաղաքի մոտակայքում: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է, բոլոր ուղեւորները զոհվել են:




























