«Հայկական ագրեսիայի արդյունքում ավելի քան մեկ միլիոն մեր հայրենակիցներ վտարվել են հայրենի հողերից, իսկ բանակցությունները որ արդեն 15 տարի ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, արդյունք չեն տալիս: Նման իրավիճակում Ադրբեջանին այլ բան չի մնում, քան դիմել խնդրի լուծման ռազմական տարբերակին»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը նոյեմբերի 25-ին՝ Բաքվում Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի հետ հանդիպմանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Համաձայն տեղեկատվության, պատվիրակության ընդլայնված կազմի հետ հանդիպմանը Աբիեւը հյուրերին ծանոթացրել է տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակին, «հայ-ադրբեջանական հակամարտությանն ու դրա հետեւանքներին»: Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես՝ ռազմական կրթության եւ ռազմա-տեխնիկական կապերի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրաեւսկին: