Փետրվարի 18-ի լուսադեմին դատապարտյալների հիվանդանոցում ինքնասպանություն է գործել 14 տարվա ազատազրկման դատապարտված 51-ամյա Հովհաննես Դոխոլյանը: Այս տեղեկությունը հաստատել է Հայաստանի ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պատասխանատու Գոռ Ղլեչյանը: Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ դատապարտյալը ինքնասպանություն է գործել հոսանքահարվելու միջոցով եւ գրություն է թողել, թե զզվել է ապրելուց:

«Հովհաննես Դոխոլյանը 04.02.2004 թ. Լոռիի մարզի 1-ին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 1 կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 104 հոդվածի 2 մասի 6-րդ կետով (սպանությունը`շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 112 հոդվածի 1 մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 113 հոդվածի 1 մասով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության ծանրության վնաս պատճառելը), 235 հոդվածի 1 մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) դատապարտվել էր 14 տարի ազատազրկման»,-հայտնել է Գոռ Ղլեչյանը:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: