Մի խումբ երեւանցիներ բաց նամակով դիմել են Երեւանում տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններին, խնդրելով ապահովել արժանապատիվ երթեւեկություն:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հաշվի առնելով փաստը, որ տեւական ժամանակ է, ինչ  քաղաքային իշխանությունները չեն կարողանում  կարգավորել քաղաքային տրանսպորտի բնականոն աշխատանքը` Երեւանի տարբեր համայնքների մի խումբ բնակիչներով որոշեցինք բաց նամակով դիմել Երեւան քաղաքում տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ղեկավարներին եւ երթուղի դուրս եկող վարորդներին: 

Հարգելի գծատերեր եւ վարորդներ, որպես ՀՀ քաղաքացիներ եւ պարզապես մարդիկ, ովքեր ամեն առավոտ իրենց նվաստած են զգում ձեր կողմից մատուցված ծառայությունների պատճառով խնդրում ենք.

• Պատշաճ մաքրություն ապահովել տրանսպորտային միջոցներում

• Վարորդներին սովորեցնել հարգել քաղաքացիներին

• Աշխատանքի վերցնել սափրված եւ կոկիկ վարորդների, որոնք նաեւ մեր քաղաքի դեմքն են զբոսաշրջիկների աչքերում

• Առավոտյան ժամերին դուրս գալ երթուղի այնպիսի հաճախականությամբ, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ձեւով հասնել աշխատանքի կամ դասի

• Չծխել տրանսպորտում եւ ամեն պահ գիտակցել, որ ուղեւորներ փոխադրելը ձեր պարտականությունն ու ապրուստի միջոցն է: 

Ցավում ենք, սակայն հերթական անգամ ստիպված ենք հույսներս դնել լոկ հայրենասիրության եւ անհատի բարի կամքի վրա»: