Երեւանում ձյան կուտակումները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները գոհացուցիչ չեն հատկապես մայթերի ու բակային տարածքների մասով: Այս մասին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, հայտարարել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ զուգահեռաբար շարունակվում են նաեւ բնակելի եւ հասարական շենքերի տանիքներից սառցալեզվակների հեռացման աշխատանքները:

«Մեր բոլոր ուժերը պետք է կենտրոնացնենք սառցալեզվակները կոտրելու եւ հեռացնելու աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու ուղղությամբ: Հակառակ դեպքում` հալոցքի պայմաններում վտանգը կանխելն առավել դժվար կլինի»,- նշել է Կամո Արեյանն ու հավելել, որ բազմաբնակարան շենքերի հետ կապված հավելյալ տեխնիկա չպահանջող աշխատանքները պետք է կատարվեն համատիրությունների ուժերով:

Ձնհալքի ջրերից եւ հեղեղումներից պաշտպանելու, ինչպես նաեւ բնականոն ջրահեռացումը կազմակերպելու նպատակով հանձնարարվել է կարգաբերման եւ մաքրման աշխատանքներ տանել ջրահեռացման համակարգերի`հեղեղատների, ջրանցքների ու ջրատարների մասով եւ ներկայացնել այդ աշխատանքների ամբողջական ծրագիր:

Զեկուցվել է, որ ձնահեռացման աշխատանքներում որոշակի դժվարություններ են առաջացնում նաեւ մայթերի մոտ կայանած ավտոմեքենաները:

Տրասպորտի վարչության պետը զեկուցվել է , որ ամբողջությամբ ուսումնասիրվել եւ պատրաստ է վարչական շրջանների այն մայթերի ցանկը, որտեղ իրականացվում է մեքենաների ապօրինի կանգառում: Ըստ այդմ հանձնարարվել է համապատասխան կառույցների հետ միջոցներ ձեռնարկել երեւույթը կանխելու ուղղությամբ:

«Գարնանն ընդառաջ պետք է սկսենք մայթերի բարեկարգման աշխատանքները, ինչին էապես կարող են խոչընդոտել ապօրինի կանգառումները: Ուստի արմատապես պետք է վերացնենք այդ երեւույթը եւ մայթերը հանձնենք մեր քաղաքացիներին»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալը: