ԱՄՆ Զինված ուժերի սպաները դժգոհություն են հայտնել ռազմական նախարար Փիթ Հեգսեթի՝ Ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջին ազատելու որոշումից։ Այս մասին տեղեկացրել է The New York Times թերթը։

Պարբերականի տվյալներով՝ հրաժարականը տրվել է Հեգսեթի եւ բանակի ղեկավարության միջեւ հակամարտության ֆոնին, այդ թվում՝ անձնակազմի հարցերի շուրջ։ Որոշումը զայրացրել է բարձրաստիճան սպաներին, որոնք այն համարում են ԱՄՆ ԶՈւ Ցամաքային զորքերին ուղղված եւս մեկ հարված։

Ակնկալվում է, որ Ջորջին կփոխարինի գեներալ Քրիստոֆեր Լանիվը, գրել է թերթը։ Նա Ջորջի տեղակալն էր եւ նաեւ եղել է Հեգսեթի նախկին օգնականը։

2025թ․ հունվարին պաշտոնը ստանձնելու պահից Հեգսեթը կարգադրել է ազատել մի քանի գեներալների, այդ թվում՝ ԱՄՆ ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախկին նախագահ Չարլզ Բրաունին։ Անցած տարվա ապրիլին Պենտագոնի մամուլի նախկին քարտուղար Ջոն Էլիոթը Politico թերթում հրապարակած հոդվածում պնդել է, որ գերատեսչությունը գտնվում է «լիակատար քաոսի» մեջ, ինչը պայմանավորված է այդ թվում նաեւ ազատումներով։