Թուրքիայի մերձակայքում գտնվող խողովակաշարերի եւ լցանավերի վրա Ուկրաինայի հարձակումները սպառնում են խոշոր բնապահպանական աղետով։ Այսպիսի կարծիք է հայտնել թուրքական ռազմածովային ուժերի պաշտոնաթող փոխծովակալ Ջեմ Գյուրդենիզը։
«Ուկրաինան գրոհում է ոչ միայն «Կապույտ հոսք» եւ «Թուրքական հոսք» գազատարները։ Մարտի 26-ին գրոհի է ենթարկվել Բոսֆորին մոտեցող լցանավը, որը գործնականում գտնվում էր մեր տարածքային ջրերում։ Եթե ծով թափվեր մեկ միլիոն բարելից ավելի վառելիք, դա կոչնչացներ Բոսֆորի եւ Մարմարա ծովի ողջ ծովային կյանքը։ Ուկրաինան օգտագործում է բոլոր միջոցները՝ պատերազմը ամբողջ տարածաշրջանում տարածելու համար»,- գրել է նա Х-ում։
Նրա կարծիքով՝ թուրքական իշխանությունները «չեն ձեռնարկում որեւէ նախազգուշական միջոց»։ «Մեզ մոտ են նրանց ռազմանավերը, որոնք սպասում են պատերազմի ավարտին Իզմիթի ծոցում: Ուկրաինան կարող է հացահատիկի առեւտուր անել Թուրքիայի շնորհիվ: Թուրքական ընկերությունները զենքի առեւտուր են անում Ուկրաինայի հետ: Մենք ունենք բոլոր միջոցները Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու համար: «Բայց, կարծես, նրանք [իշխանությունները] սպասում են աղետի, նախքան որեւէ գործողություն ձեռնարկելը»,- նշել է Գյուրդենիզը:
Նա մտահոգություն է հայտնել, որ «կամ մի առավոտ գազի մատակարարումը կդադարեցվի դիվերսիայի պատճառով, կամ Սեւ ծովում կպայթի լցանավ՝ աղտոտելով թուրքական ափը»: «Զելենսկին կործանել է իր սեփական երկիրը, եւ հիմա փորձում է դա անել մեր դեմ»,- հավելել է նա:





























