Այսօր վթարի ենթարկված ՏՈՒ-154 ինքնաթիռը իրանական Caspian Airlines ընկերության կողմից շահագործվում էր արդեն 15 տարի: Ընդ որում, ինքնթիռում տեղադրված սարքավորումները համապատասխանում էին Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (IKAO) չափորոշիչներին:
Ազգային ավիացիոն ընկերակցության նախագահ Դմիտրի Ադբաշյանը հայտնել է, թե ՏՈՒ-154 ինքնաթիռները գերապահով են: Ըստ Ադբաշյանի, 14 այդպիսի ինքնաթիռներ թռչում էին Հայաստանում 1976-ից մինչեւ 2000-ականների սկիզբը՝ գրեթե առանց վթարների:
Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը:
Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Կազվինի շրջանի Ջենեթաբադ քաղաքի մոտակայքում` Թեհրանից 200 կմ հեռավորության վրա: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է: Բոլոր ուղեւորները զոհվել են:
Այս աղետն ամենամեծն էր Իրանում վերջին 6 տարիների ընթացքում:




























