Հարյուրավոր զորքեր տարհանվել են ԱՄՆ Բահրեյնի ռազմաբազայից, երբ ռազմական օբյեկտը ենթարկվել է իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, հաղորդում է National Public Radio-ն։
Բահրեյնի բազայից բացի, հաղորդվում են նաև տարածաշրջանի այլ ամերիկյան ռազմական բազաներից տարհանումների մասին, թեև ճշգրիտ մանրամասները ներկա պահին հայտնի չեն։
Բահրեյնում է տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը, ինչն այն դարձնում է Մերձավոր Արևելքի ծովային անվտանգության կենտրոնական հանգույց, ներառյալ առևտրային նավագնացության պաշտպանությունը։
Մինչև փետրվարի 28-ին Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը, Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված էր մոտ 8000 զինովարական։
Ընկերության արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ փետրվարի 28-ից մարտի 6-ը բազայի տարածքում և շրջակայքում առնվազն յոթ շենք է թիրախավորվել։
Ռազմածովային ուժերի ներկայացուցիչը հաստատել է, որ Բահրեյնից ԱՄՆ է տարհանվել 1500 զինծառայող, նրանց ընտանիքները և մի քանի հարյուր ընտանի կենդանիներ։ Զորքերը մարտի կեսերից ժամանում են Վիրջինիա նահանգի Նորֆոլկ, որտեղ գտնվում է աշխարհի խոշորագույն ռազմածովային բազան։
Զինծառայողներին օգնող մի քանի կազմակերպություններ հայտարարել են, որ նրանք ժամանել են գրեթե դատարկաձեռն։ Տեղական համայնքներին կոչ է արվել ապահովել անհրաժեշտ պարագաներով, մասնավորապես՝ հիգիենայի պարագաներով։
«Բազան վերադարձող նավաստիների համար զուգարանի պարագաների և այլ իրերի նվիրատվություն է խնդրել, քանի որ նրանք դատարկաձեռն էին վերադառնում»,- ասել է Նորֆոլկում տեղակայված Ամերիկյան լեգեոնի 327-րդ ստորաբաժանման հրամանատար Դերիկ Ջոնսոնը։





























