Ըստ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման` 2011 թ. Հայաստանն արտահանել է 9.6 մլն լիտր սպիրտային խմիչքներ, 132 մլն դոլար ընդհանուր արժեքով: Հայաստանի արտահանման կառուցվածքում սպիրտային խմիչքների արտահանումը հայտնվել է երկրորդ տեղում` զիջելով միայն պղնձի խտանյութի արտահանմանը: Նախորդ տարվա համեմատ առկա է արտահանման մոտ 30 % աճ (2010 թ. արտահանվել էր մոտ 7.6 մլն լիտր` 96.8 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով):
Նշենք սակայն, որ սպիրտային խմիչքների արտահանման ռեկորդը գրանցվել է 2008 թ., երբ արտահանվել է 13.6 մլն լիտր` 134 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով:
Ակնհայտ է, որ 2011 թ. արտահանվող խմիչքների միջին մաքսային արժեքը բարձրացել է, ինչը կարող է հետեւանք լինել եւ մաքսային վարչարարության ուժեղացման, այնպես էլ արտահանվող խմիչքների որակական, հետեւաբար` եւ գնային աճի:
Այսպես` 2008 թ. արտահանվող խմիչքների միջին մաքսային արժեքը կազմել է 9.8 դոլար` 1 լիտրի համար, իսկ 2010 թ.` 12.7 դոլար, իսկ 2011 թ.` 13.7 դոլար:
Ըստ ՊԵԿ-ի դասակարգման` սպիրտային խմիչքների կազմում ընդգրկված են էթիլային սպիրտը (մինչեւ 80 % սպիրտի խտությամբ), լիկյորը, կոնյակը եւ օղին:
ՊԵԿ-ի հրապարակումներով գինու եւ գարեջրի մասին տվյալները տրվում են առանձին տողերով: Ըստ այդմ` գինու արտահանման ծավալները նվազել են, իսկ գարեջրինը` ավելացել: 2011 թ. արտահանվել է 733 հազ. լիտր գինի` 2010 թ. 924 հազ. լիտրի համեմատ: Արտահանված գինու ընդհանուր մաքսային արժեքը 2011 թ. կազմել է մոտ 2.5 մլն դոլար: Արտահանվել է նաեւ 1.7 մլն տոննա գարեջուր` 1.7 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով: 2010 թ. արտահանվել էր 1.45 մլն տոննա ածիկային գարեջուր` 1 մլն դոլար մաքսային արժեքով:




























