«Ռոսատոմ»-ը կշարունակի աշխատակիցների տարհանումը Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից, հենց որ ստեղծվեն անհրաժեշտ պայմանները. կիրակի Եկատերինբուրգում AtomSkills չեմպիոնատի ժամանակ լրագրողներին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, հաղորդում է «Интерфакс»-ը։

«Մենք ունենք մի շարք կամավորներ, որոնք պատրաստ են մնալ, շարունակել ծառայությունը հենց մարտական գործողությունների գոտում։ Հիմա դա այդպես է թվում։ Սակայն հաջորդ շաբաթ մենք տարհանման ևս մեկ ալիք կունենանք։ Դե, հենց որ դրա համար (...) համապատասխան պայմաններ ստեղծվեն»,- ասել է նա։

Լիխաչովը հավելել է, որ Բուշերի հարթակի վերաբերյալ այլ ծրագրեր նույնպես կան։

«Մենք ունենք թե՛ Ա, թե՛ Բ, թե՛ Գ պլաններ։ Իհարկե, այդ ծրագրերը կիրականացնենք՝ ելնելով արտաքին սպառնալիքներից, բայց ամենակարևորը մեր ընկերների կյանքի և առողջության բացարձակ առաջնահերթությունն է»,- նշել է «Ռոսատոմի» ղեկավարը։

Ավելի վաղ Լիխաչովը հայտնել էր, որ «Բուշեր» ԱԷԿ-ից տարհանված «Ռոսատոմի» աշխատակիցները գիշերը կլինեն Հայաստանի տարածքում։