«НПО машиностроения» ռազմարդյունաբերական կորպորացիայի ղեկավար և գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Լեոնովը մահացել է 75 տարեկանում, «Интерфакс»-ին են հայտնել ընկերության մամուլի ծառայությունից: Մահվան պատճառը չի նշվում:

Ռեուտովում գտնվող «НПО машиностроения»-ն մտնում է «Тактическое ракетное вооружение» կորպորացիայի կազմի մեջ և ռուսաստանյան հրթիռատիեզերական ոլորտի առանցքային ձեռնարկություններից է: Լեոնովն այն գլխավորել է 2007 թվականին՝ նախկին գլխավոր տնօրեն Հերբերտ Եֆրեմովի մահից հետո:

Նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ մշակվել են «Ցիրկոն» հիպերձայնային հականավային հրթիռը և «Ավանգարդ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մարտական սարքավորումները:

Ինչպես հայտնում է The Moscow Times-ը, բացի այդ, Լեոնովը մասնակցել է «Գրանիտ», «Վուլկան» և «Օնիքս» գերձայնային հրթիռով «Բաստիոն» համալիրների ստեղծմանն ու սպառազինության մեջ ներառմանը:

Նրա օրոք ուղեծիր են դուրս բերվել նաև Երկրի հեռակա զոնդավորման «Կոնդոր-Է» երկու փոքր արբանյակներ, և զարգացում է ապրել ռուս-հնդկական «Բրամոս» նախագիծը:

Հունվարի վերջին Լեոնովը զեկուցել էր 2025 թվականի արդյունքներով «Ցիրկոնների» արտադրության կտրուկ աճի մասին: «Այն ամենը, ինչ պետք է անեինք, առնվազն այն ամենը, ինչ կապված է հատկապես կարևոր համակարգերի մատակարարման հետ, մեր բոլոր ծրագրերը լիովին կատարել ենք, ոչ մի աշխատանք չենք ձախողել, ամեն ինչ կատարել ենք ժամանակին»,- վստահեցրել էր նա: 2024 թվականին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Ցիրկոնը» կիրառվել է Ուկրաինային հարվածելու համար: