Նովոռոսիյսկում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ութ մարդ է վիրավորվել, հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
Ըստ նրա՝ ապրիլի 5-ի առավոտից տարածաշրջանը ենթարկվում է անօդաչուների զանգվածային հարձակման։ Նովոռոսիյսկում, Անապայում, Գելենջիկում, Սոչիում և այլ քաղաքներում գործում են տագնապի ազդանշանային համակարգեր։ Կոնդրատևը նշել է, որ ամենաբարդ իրավիճակը Նովոռոսիյսկում է, որտեղ տուժած ութ քաղաքացիների թվում կա երկու երեխա։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Նահանգապետի խոսքով՝ անօդաչուների հարձակման հետևանքով քաղաքում վնասվել է վեց բազմաբնակարան շենք և երկու առանձնատուն։ ԱԹՍ-ների բեկորներ են հայտնաբերվել մի քանի ձեռնարկությունների տարածքում։
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից հստակեցրել են, որ անօդաչուի բեկորներն ընկել են Նովորոսիյսկի Հարավային շրջանի բազմաբնակարան շենքերից մեկի վրա։
Astra պարբերականը, վերլուծելով սոցցանցերում հրապարակված տեսանյութերը, եզրահանգել է, որ Նովոռոսիյսկում հարձակման թիրախում է հայտնվել նաև «Շեսխարիս» նավթային տերմինալը, որն իրականացնում է նավթի ու նավթամթերքի ընդունումը, պահեստավորումն ու դեպի լցանավեր արտահանումը։





























