Երեւանում, փետրվարի 22-ին, մեկնարկում է Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի, քաղաքացիական հարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցելու են նաեւ ադրբեջանցի պատգամավորներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանը:

Նիստի ընթացքում քննարկվելու է մեկ զեկույց «Արեւելյան գործընկերության» երկրներում քաղաքացիական հասարակության զարգացման հիմնախնդիրները եւ կառավարության հետ համագործակցությունը» թեմայով: Հատուկ հանդիպում է կայանալու հայկական ազգային պլատֆորմի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի երիտասարդական խորհրդարանի հետ: «Քննարկվելու են սոցիալական շարժունակության խնդիրները «Արեւելյան գործընկերության» երկրներում եւ Եվրամիության երկրներում, եւ դրանցով պայմանավորված հիմնախնդիրները: Զեկույցներ են լինելու Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման շուրջ, նաեւ աղքատության հաղթահարման վերաբերյալ զեկույցի նախագծի նախնական քննարկումներ են լինելու»,- նշեց Արտակ Զաքարյանը:

Նիստին մասնակցելու են նաեւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորներ Ռովշան Ռզաեւը, Ֆարաջ Գուլիեւն ու Ազայ Գուլիեւը: Արտակ Զաքարյանը հայտնեց, որ նրանց այցը հաստատվել է: «Երեք պատգամավորներն ու պատվիրակության քարտուղարը մասնակցելու են: Պաշտոնապես մենք ապահովել ենք նրանց անվտանգությունը»,- նշեց Զաքարյանը` հավելելով, որ նիստին մասնակցելու են պատվիրակներ Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից եւ Եվրամիության երկրներից` Լիտվայից, Լատվիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովենիայից, Իտալիայից, Իսպանիայից: Նիստը Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Արտակ Զաքարյանի առաջարկով. «Ընդհանրապես Եվրամիության տարածքից դուրս տեղի է ունենում ԵՄ մշտական կառույցի հանձնաժողովի նիստ»,- նշեց Զաքարյանը: