Եմենում փետրվարի 21-ին տեղի կունենան նախագահի արտահերթ ընտրություններ: Երկրի բնակիչներն ընտրելու են միակ թեկնածուին, որն առաջադրվել է իշխող Համընդհանուր ժողովրդական կոնգրես (ՀԺԿ) կուսակցության եւ ընդդիմության ուժերի կողմից` վարչապետ  Աբդ Րաբբու Մանսուր Հադիին:

Աբդ Րաբբու Մանսուր Հադին ռազմական կրթություն է ստացել Ադենում, Մեծ Բրիտանիայում եւ Խորհրդային Միությունում: Ղեկավարել է տարբեր ռազմական ուսումնական հաստատություններ, ոչ երկար ժամանակ եղել է պաշտպանության նախարար, իսկ 1994 թվականից Եմենի վարչապետն է:

Պետության նոր ղեկավարն ընտրվելու է երկու տարով, որպեսզի կազմակերպի ազգային երկխոսության համագումարի անցկացումը, որի ընթացքում կմշակվի երկրի քաղաքական նոր համակարգ, առաջին հերթին` սահմանադրություն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ Եմենում արտահերթ ընտրությունները հնարավոր են դարձել միայն այն բանից հետո, երբ նախորդ տարվա նոյեմբերին Սալեհը Էր Ռիյադում ընդդիմության ներկայացուցիչների հետ երկրի քաղաքական կայունացման համաձայնագիր էր ստորագրել: Ըստ համաձայնագրի կետերից մեկի`Սալեհին եւ նրա ընտանիքի անդամներին երաշխավորվում էր անձեռնմխելիություն դատական հետապնդումներից:

Ընդդիմությանն այս կետը չի գոհացրել, եւ նա շարունակում է պնդել, որպեսզի հեռացած  նախագահըն դատական պատասխանատվության ենթարկվի` ցույցի մասնակիցների հետ հաշվեհարդար տեսնելու համար: Եմենում մեկ տարվա ընթացքում շարունակվող ժողովրդական հուզումների հետեւանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ:

Սալեհն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նախորդ տարվա հունիսին Սանայում իր վրա կատարված մահափորձից հետո բուժման եւ վերականգնման կուրս է անցնում: Նա մտադիր է հայրենիք վերադառնալ եւ շարունակել քաղաքական գործունեությունը որպես ՀԺԿ-ի ղեկավար: