Ճապոնիայի իշխանությունները Տոկիոյում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ կձեռնարկեն մայրաքաղաքի տարածքում երկրաշարժի վտանգի կապակցությամբ: Համաձայն սեյսմակտիվության հետազոտության վերջին տվյալների` Տոկիոյի ծոցի հյուսիսային հատվածում կարող է գիտնականների ավելի վաղ կանխատեսածից առավել ուժգին երկրաշարժ տեղի ունենալ: Այս մասին հայտնել է լուսավորության, մշակույթի, սպորտի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար 
 Հիրոֆումի Հիրանոն:

Նրա խոսքով` այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություն կարվի մարտի սկզբին:

Սեյսմոլոգների խումբը Տոկիոյում նոր հետազոտություններ է կատարել: Ստացված տեղեկատվության վերլուծությունը ցույց է տվել, որ մայրցամաքային տեկտոնական հարթության եւ դրա տակ գտնվող ֆիլիպինյան հարթության սահմանը շատ ավելի մոտ է.  ոչ թե  30-40, այլ ընդամենը 10 կմ հեռավորության վրա է գտնվում: Արդյունքում կանխատեսված 7,3  մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը սպասվածից ավելի ուժեղ ցնցումների կհանգեցնի:

Ճապոնիայի կառավարությունն ապրիլից կսկսի մայրաքաղաքի անվտանգությունն ապահովելու լրացուցիչ  միջոցառումներ մշակել:

Ավելի վաղ իշխանությունների կողմից արված կանխատեսումների համաձայն` Տոկիոյի ծոցի հյուսիսային հատվածում 7,3  մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը վատագույն դեպքում 11 հազար մարդու կյանք կխլի եւ կոչնչացնի  շուրջ 850 հազար շինություն, գրում է «Վզգլյադը»: