Ռուսաստանը հրավեր է ստացել «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպմանը մասնակցելու, սակայն չի մասնակցի դրան: Այս մասին հայտարարել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«Այդ միջոցառման հետ կապված ավելի շատ հարցեր են ծագում, քան պատասխաններ: Պաշտոնապես մեզ չեն հայտնել ոչ մասնակիցների եւ հյուրերի կազմը, ոչ էլ  օրակարգը: Գլխավորը` պարզ չէ այդ նախաձեռնության իրական ուղղվածությունը», - ասվում է Լուկաշեւիչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:

Ըստ Լուկաշեւիչի` Թունիս են կանչվել ընդդիմության առանձին խմբեր, այնինչ սիրիական կառավարության ներկայացուցչությանը համագումարին պաշտոնապես չեն հրավիրել, իսկ դա նշանակում է, որ իշխանությանն աջակցող Սիրիայի բնակչության մեծամասնության շահերը չեն ներկայացվելու: «Այդ դեպքում հանդիպումը դժվար թե օգնի ներքին ճգնաժամի հաղթահարման նպատակով համընդհանուր սիրիական ազգային երկխոսություն սկսելուն, որի օգտին իբրեւ թե  հանդես են գալիս թունիսյան միջոցառման կազմակերպիչները», - ասել է նա:

Տպավորություն է ստեղծվում, որ խոսքը գնում է ինչ-որ միջազգային կոալիցիայի ձեւավորման մասին, ինչպես դա տեղի ունեցավ «Լիբիայի համար կապի խումբ» ստեղծելիս, որի նպատակը ներքին հակամարտության ընթացքում մեկ կողմի աջակցությամբ մյուսի դեմ ելնելն էր, կարծում է Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

«Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով մեզ համար ոչ մի հնարավորություն չենք տեսնում Թունիսի հանդիպմանը մասնակցելու: Ռուսաստանն այն բանի կողմնակիցն է, որ համաշխարհային հանրության բոլոր կողմերը հանդես գան որպես սիրիական ողջ ժողովրդի բարեկամներ, այլ ոչ թե նրա մի մասի», - նշել է նա:

«Մենք առաջարկում ենք, որպեսզի ԱԽ-ի անդամները ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին հանձնարարեն Սիրիա ուղարկել իր հատուկ ներկայացուցչին` կառավարության եւ մյուս բոլոր կողմերի հետ  հումանիտար բեռների անվտանգ տեղափոխման հնարավորության համաձայնեցման համար», - ասել է Լուկաշեւիչը:

Ավելի վաղ միջարաբական «Աշ Շարք ալ Աուսաթ» թերթը, հղում անելով թունիսյան արտգործնախարար Ռաֆիկ Աբդեսալյամի հայտարարությանը, տեղեկացրել էր այն մասին, որ Ռուսաստանը կմասնակցի   «Սիրիայի բարեկամների» միջազգային համագումարին, որը տեղի է ունենալու Թունիսում փետրվարի 24-ին:

Մինչ այդ ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ Վաշինգթոնը Ռուսաստանին Դամասկոսի ընկեր չի համարում: