ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «խորապես մտահոգված է» քաղաքացիական անձանց դեմ ուղղված վերջին սպառնալիքներով, հաղորդում է BBC News-ը՝ հայտնել է նրա ներկայացուցիչը։

Չնայած Գուտերեշի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ուղղակիորեն չի հիշատակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նա հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է, որ «ամբողջ քաղաքակրթությունը կոչնչանա այսօր երեկոյան», քանի որ մոտենում է Իրանի համար սահմնված վերջնաժամկետը։

Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է մեկնաբանություններով, որոնք «ենթադրում են, որ ամբողջ քաղաքացիական բնակչությունը կամ քաղաքակրթությունները կարող են պատասխանատու լինել քաղաքական և ռազմական որոշումների հետևանքների համար»։

«Չկա որևէ ռազմական նպատակ, որը կարդարացնի հասարակության ենթակառուցվածքների զանգվածային ոչնչացումը կամ քաղաքացիական անձանց միտումնավոր տառապանքներ պատճառելը»,- նշել է նա։

Գուտերեշը կարծում է նաև, որ պատերազմը կարող է ավարտվել, «երբ առաջնորդներն ընտրեն երկխոսությունը ոչնչացման փոխարեն՝ ընտրություն, որը դեռևս գոյություն ունի»։