Ես կխուսափեմ հիմա տոկոսների մասին խոսել, բայց այո, «Առաջարկ Հայաստանին» հարթակը և ԲՀԿ–ն միշտ էլ պայքարել ենք, որ լինենք մեծամասնություն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, ԲՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

«Դա նորմալ է, հասկանալի է։ Եթե քաղաքական ուժը չի ձգտում դառնալ մեծամասնություն, դժվար է նրան անվանել քաղաքական ուժ։ Համենայնդեպս, համոզված եմ, որ այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք, երբ ձևավորվում են մեծ միավորներ, իրենք բացի օգուտից, ոչ մի այլ ազդեցություն չեն ունենա։

Մեզ համար ամենակարևորը երաշխավորված խաղաղությունն է, սոցիալական արդարությունը, հանրային համերաշխությունը, և ամենակարևորը՝ ատելության մթնոլորտի վերացումը։ Աթելությամբ փորձում են մեզ կառավարել։ Այո, մենք գնում ենք պարզ ճակատով, ժողովրդի հետ։ «Առաջարկ Հայաստանին» կոնցեպտը ծնվել է հենց ժողովրդից»,–ասաց նա։

Արման Աբովյանը նշեց, որ իր անունը ԲՀԿ ընտրական ցուցակում կա, սակայն չնշեց, թե որ հորիզոնականում է. «Շուտով կհայտարարենք»։

«Ամենակարևորը, որ մանդատամոլուցքը և ամեն գնով իշխանության հասնելու մոլուցքը չլինի, մոլուցքը լինի միայն մի բան՝ անել ամեն ինչ հանուն Հայաստանի երաշխավորված անվտանգության, երաշխավորված խաղաղության և մեր երկրի բարգավաճման համար»,–ասաց Աբովյանը։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 9–ին, նախատեսված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը։