Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հինգշաբթի հայտարարել է, որ ներկայացնում է հպարտ ազգ, որը նվիրված է համաշխարհային կարգի պահպանմանը՝ հակադրվելով Արկտիկական կղզու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությանը, հաղորդում է Reuters-ը։
Թրամփը չորեքշաբթի իր դժգոհությունն է հայտնել ՆԱՏՕ-ի նկատմամբ, երբ հարաբերություններն Իրանի պատերազմի պատճառով հասել են կրիտիկական կետին՝ հայտարարելով, որ ռազմական դաշինքն այնտեղ չէր, երբ դրա կարիքը կար, և որ նա դեռ հիշում է Գրենլանդիան։
«Հսկայական, վատ կառավարվող սառույցի կտոր»,- Արկտիկական կղզու մասին ասել էր ԱՄՆ նախագահը։
«Մեզ համար կարևոր է պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցված համաշխարհային համայնքը, որտեղ պաշտպանական դաշինք ունենք, որը հարգում ենք, և որտեղ բոլոր կողմերը հետևում են միջազգային իրավունքին,- Reuters-ին տված հարցազորւցում ասել է Նիլսենը։ -Դրանց հիմա մարտահրավեր է նետված, և կարծում եմ՝ բոլոր դաշնակիցները պետք է միավորվեն՝ փոևրձելու համար դրանք պահպանել։ Հուսով եմ՝ դա տեղի կունենա»։
Այս տարվա սկզբին ՆԱՏՕ-ի դաշնակիցներն արդեն փորձում էին դաշինքի միասնությունը պահպանելու ուղիներ գտնել, երբ Թրամփը վերսկսեց Գրենլանդիան ՆԱՏՕ-ի անդամ Դանիայից խլելու իր ջանքերը: Նիլսենը հինգշաբթի հանդես եկավ Թրամփի՝ իր երկրին՝ Գրենլանդիայի բնութագրմանը դեմ։
«Մենք ինչ-որ սառույցի կտոր չենք: Մենք 57 հազար մարդուց բաղկացած հպարտ բնակչություն ենք, որն ամեն օր աշխատում է որպես բարեվարք համաշխարհային քաղաքացիներ՝ լիակատար հարգանքով վերաբերվելով մեր բոլոր դաշնակիցներին»,- ասել է Գրենլանդիայի վարչապետը:



























