ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի անդամ երկների մի քանի մայրաքաղաքներին տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում Հորմուզի նեղուցում անվտանգությունն ապահովելուն նպաստող կոնկրետ պարտավորություններ պետք է ստանձնեն, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։
Ռյուտեն չորեքշաբթի Վաշինգտոնում հանդիպել է Թրամփի հետ՝ Իրանի դեմ պատերազմի շուրջ դաշինքի ներսում լարվածության ֆոնին։
«Գլխավոր քարտուղարը կապի մեջ է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ Վաշինգտոնում իր քննարկումների վերաբերյալ,- հինգշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Էլիսոն Հարթը։ -Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգներն կոնկրետ պարտավորություններ և գործողություններ է ակնկալում՝ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու համար»։
ԱՄՆ նախագահը վերջին շաբաթներին բազմիցս ՆԱՏՕ-ն անվանել է «թղթե վագր» և սպառնացել է լքել 32 անդամից բաղկացած տրանսատլանտյան ռազմական դաշինքը՝ հայտարարելով, որ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցներն ապավինում են ԱՄՆ անվտանգության երաշխիքներին՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական ռմբակոծությունների արշավին անբավարար աջակցություն ցուցաբերելու համար։
«Նշում ենք Վաշինգտոնում առկա հիասթափությունը, սակայն նրանք չեն խորհրդակցել իրենց դաշնակիցների հետ ո՛չ այս պատերազմի սկսվելուց առաջ, ո՛չ էլ դրանից հետո,- ասել է դիվանագետներից մեկը։ -ՆԱՏՕ-ն որպես այդպիսին որևէ դեր չի ունենա Իրանի դեմ պատերազմում, սակայն դաշնակիցները ցանկանում են օգտակար լինել Հորմուզի նեղուցի համար երկարաժամկետ լուծումներ գտնելու հարցում: Հաշվի առնելով Իրանի հետ ընթացող բանակցությունները՝ դա կարող է օգտակար լինել»:
Չնայած Թրամփը երեքշաբթի հայտարարեց, որ Իրանի վրա հարձակումները կդադարեցվեն երկշաբաթյա հրադադարի կապակցությամբ, հակամարտության հետևանքները շարունակում են լարվածություն առաջացնել հարաբերություններում։
«Մենք շարունակում ենք հետևել Հորմուզում տիրող իրավիճակին, որը մեծապես կապ չունի նախօրեին Սպիտակ տանը տեղի ունեցածի հետ,- ասել է եվրոպացի դիվանագետը: -Մենք հասկանում ենք, որ ամերիկյան կողմը պնդում է իր սեփական դիրքորոշումը, և գիտենք, որ Ռյուտեն փորձում է դիրքավորվել այնպես, որ օգտակար լինի այդ զրույցում: Մենք պատրաստ ենք ապագայում ճիշտ քայլեր անել և նույնիսկ ճիշտ գործողություններ ձեռնարկել: Սակայն, վերջին հաշվով, խնդիրը ԱՄՆ-ին հաճոյանալու մեջ չէ, այլ ճիշտ պայմաններ ստեղծելու մեջ:





























