Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը մեկնել է Միացյալ Նահանգներ՝ Թրամփի վարչակազմի հետ բանակցությունների համար, հաղորդել են Reuters-ի աղբյուրները: Օրակարգում են Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորումը, ԱՄՆ-Ռուսաստան տնտեսական համագործակցությունը եւ ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների կասեցման հնարավոր երկարաձգումը։
Մարտի սկզբին, Իրանի պատերազմի պատճառով էներգակիրների գների կտրուկ աճի ֆոնին, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավորապես ազատեց ռուսական նավթի արտահանումը պատժամիջոցներից մինչեւ ապրիլի 11-ը: Ֆինանսների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները Semafor-ին հայտնել են, որ Վաշինգտոնը պատրաստվում է երկարաձգել այս որոշումը, քանի որ Իրանի հետ խաղաղության համաձայնագիր դեռեւս չի կնքվել։
Ռուսաստանն արդեն զգացել է մեղմացման ֆինանսական ազդեցությունը. Urals հում նավթի գինը մարտին բարձրացել է մինչեւ 77 դոլար մեկ բարելի համար, ինչը ամենաբարձրն է 2023թ․ հոկտեմբերից ի վեր եւ 73 տոկոսով ավելի, քան փետրվարի 44,59 դոլարը։ Reuters-ի գնահատականներով՝ ապրիլին նավթի արդյունահանումից ստացված հարկային եկամուտները կկազմեն մոտ 700 միլիարդ ռուբլի՝ մարտի 327 միլիարդի համեմատ: Լրացուցիչ եկամուտների չափը կախված կլինի իրանական ճգնաժամի տեւողությունից, ինչպես նաեւ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից ռուսական նավահանգիստներին։
Դմիտրիեւի այցը համընկել է Պուտինի՝ Ուկրաինայի հետ «Զատկական զինադադարի» մասին հայտարարությանը։





























