Նոյեմբերի 25-ին պաշտոնական այցելությամբ Տոկիոյում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ճապոնիայի խորհրդարանի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիի հետ: Վերջինս բարեկամական բնորոշելով հայ-ճապոնական հարաբերությունները, հույս է հայտնել, որ Հայաստանի ԱԳ նախարարի այցը Տոկիո նոր լիցք կհաղորդի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը: Ճապոնիայի խրհրդարանի խոսնակի ու Հայաստանի ԱԳ նախարարի զրույցի ընթացքում շոշափվել են 2 երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խթանմանն ուղղված հարցեր:

Է. Նալբանդյանի հաջորդ հանդիպումը իր գործընկեր, Ճապոնայի ԱԳ նախարար Կացույա Օկադայի հետ էր: Նախարար Օկադան նշել է, որ երկու ամիս առաջ պաշտոնը ստանձնելուց հետո Հայաստանի ԱԳ նախարարը կովկասյան տարածաշրջանից իր առաջին բարձրաստիճան հյուրն է, և դա լավ առիթ է քննարկելու երկկողմ հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Է. Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

Նախարարները քննարկել են միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, գիտական և կրթական բնագավառներում համագործակցության ծավալման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, մշակութային փոխանակումների ակտիվացման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հետ կապված հարցեր:

Բանակցություններին անդրադարձ է արվել նաև արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գուրծընթացին: Նախարար Նալբանդյանն իր ճապոնացի գործընկերոջը ներկայացրել է Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Նախարար Օկադան նշել է, որ Ճապոնիան սատարում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին եւ հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ կարգավորմանը: Օկադան նաեւ Ճապոնիայի աջակցությունն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և հույս հայտնել, որ ստորագրված արձանագրությունները կվավերացվեն և կիրագործվեն, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այսօր նախատեսված է Է. Նալբանդյանի հանդիպումը Ճապոնիայի գահաժառանգ Նարոհիտոյի հետ։