Վիտալի Կլիչկո - Դերեկ Չիսորա մենամարտը բռնցքամարտի սիրահարնբերը դեռեւս երկար չեն մոռանա։ Սակայն մարզաձեւի սիրահարների հետաքրքրությունը սրել էր ոչ թե բուն մենամարտը, այլ մենամարտի շուրջ ծավալված իրադարձությունները։ Դերեկ Չիսորան իրեն պահեց որպես ոչ պրոֆեսիոնալ, որպես ոչ մարզիկ:
Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած գերծանրքաշայինների WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտից առաջ Չիսորան կշռվելուց հետո հայացքների մենամարտում ապտակեց Վիտալի Կլիչկոյին, ռինգում ջուր թքեց Վիտալի Կլիչկոյի կրտսեր եղբոր՝ Վլադիմիր Կլիչկոյի դեմին, իսկ մենամարտից հետո կայացած մամուլի ասուլիսում ծեծկռտուքի մեջ մտավ ծանրքաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն բրիտանացի Դեւիդ Հեյի հետ:
NEWS.am-ի թղթակիցը մենամարտի վերաբերյալ զրուցել է նախկին ԽՍՀՄ եւ Հայաստանի վաստակավոր մարզիչ Արմեն Անտոնյանի հետ։
Պարոն Անտոնյան ի՞նչ տպավորություն ստացաք մենամարտից։
Ճիշտն ասած Չիսորան իմ վրա տպավորություն չթողեց։ Կարգով ցածր բռնցքամարտիկ էր։ Ես առաջին անգամն էի տեսնում բրիտանացուն ռինգում, բայց հասկացա որ նա իր մակարդակով զգալիորեն զիջում է Վիտալի Կլիչկոյին։
Ինչու՞մ թերացավ Չիսորան։
Ես չեմ կարծում, որ նա ինչ որ թերացումներ ունեցավ։ Ուղղակի բրիտանացին, սկանդալներ հրահրելով, կարողացավ բոլորի ուշադրությունը բեւեռել իր վրա։ Իսկ ռինգում Չիսորան արենց այն, ինչ կարող էր։ Եթե ավելին անելու հնարավորություն ունենար՝ կաներ։
Այդ դեպքում ինչո՞ւ Վիտալի Կլիչկոն իր ամբողջ հզորությունը չօգտագործեց ժամանակից շուտ հաղթանակի հասնելու համար։
Այդ հարցի պատասխանը ես չունեմ։ Չեմ կարող ասել, թե ինչո՞ւ չէր օգտագործում իր հարվածների ամբողջ հզորությունը։ Այստեղ կարող է նաեւ դեր խաղալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում երբեմն պատահող իրավիճակը։ Կարող են պայմանավորված լինել, որ 12 ռաունդ պետք է անցկացնեն ռինգում։ Կլիչկոն միայն ձախ ձեռքի հարվածներով հաղթեց Չիսորային՝ այդպես էլ աջ ձեռքը իսկական չօգտագործելով։
Չեք կարծո՞ւմ, որ լարվածությունը կարող էր ազդել եւ Կլիչկոյի վրա։
Չեմ կարծում։ Կլիչկոն շատ լավ ուսումնասիրել էր իր մրցակցին եւ շատ լավ գիտեր, որ Չիսորան բարձր կարգի բռնցքամարտիկ չէ։ Պրոֆեսիոնալ բռնցքմարտիկներն իրենց յուրաքանչյուր մենամարտից առաջ մանրակրկիտ ուսումնասիրում են մրցակցին եւ ես համոզված եմ, որ Կլիչկոն ամեն ինչ շատ լավ գիտեր։
Ի՞նչ կասեք Չիսորայի խայտառակ վարքի վերաբերյալ։
Անմիջապես ասեմ, որ ես երբեք չէի տեսել, որ մարզիկը նման պահվածք ունենա։ Դա սպորտի հետ ընդհանրապես կապ չունի: Ցանկացած մարզիկ ուղղակի իրավունք չունի իրեն նման ձևով պահել։ Մյուս կողմից էլ դա շոուի ինչ-որ մասն էր։ Վիտալի Կլիչկոն կշռման արարողության ժամանակ կարող էր տեղում նոկաուտի ենթարկել Չիսորային՝ պատասխանելով ապտակին եւ մեղավոր էր չէր լինի։ Ես, նույնիսկ, կասկածում եմ, որ Չիսորան իրոք տուգանվել է 50 հազար դոլարով։
Նկատեցի՞ք, որ Դերեկ Չիսորան ռինգում փորձում էր նմանվել Ջո Ֆրեյզերին։
Այո, նկատեցի։ Շատ բռնցքամարտիկներ փորձում են նմանվել լեգենդներին։ Սակայն Չիսորան Ֆրեյզերի, նույնիսկ, ստվերը չէր։ Մուհամեդ Ալիի հետ մենամարտերում Ֆրեյզերը, զիջելով իր մրցակցին հասակով, նույնպես ձգտում էր մերձամարտում հասնել հաջողության ու նպաստավոր պահեր էր ստեղծում իր հարվածները նպատակին հասցնելու համար, իսկ Չիսորան ոչ մի նման բանով աչքի չընկավ։ Կլիչկոն ձախ ձեռքով հսկում էր հարվածային տարածությունը եւ միջին տարածությունում արդեն իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում։ Ճիշտ է՝ որոշ հարվածներ բաց թողեց, բայց դրանք այն հարվածները չէին, որ ցնցեին ուկրաինացուն։
Զրուցեց Խաչիկ Չախոյանը




























