Բալթյան երկրները չեն թույլատրել իրենց ցամաքային և օդային տարածքի օգտագործումը Ռուսաստանի դեմ հարվածների համար։ Դրա մասին ասվում է Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ։

«Բալթյան երկրները պաշտոնապես հերքել են նման մեղադրանքները՝ հստակորեն դրա մասին տեղեկացնելով համապատասխանաբար Տալլինում (մարտի 27), Ռիգայում (մարտի 31) և Վիլնյուսում (մարտի 27) Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելությունների գործերի ժամանակավոր հավատարմատարներին։

Պաշտոնական արձագանքից անկախ՝ Ռուսաստանը շարունակում է ստել։ Ռուսաստանը պետք է դադարեցնի պատերազմը Ուկրաինայի դեմ և իր զինված ուժերն ամբողջությամբ դուրս բերի միջազգայնորեն ճանաչված բոլոր ուկրաինական տարածքներից։ Բալթյան երկրները շարունակում են լիովին համերաշխ լինել Ուկրաինայի հետ»,- նշվում է հայտարարության մեջ։