Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի վրձնին պատկանող դիմանկարը կարելի է շահել վիճակախաղով, ընդ որում՝ ընդամենը 100 եվրոյով (մոտ 116 դոլար)։

Ինչպես տեղեկացրել է CNN-ը, մրցանակը լինելու է «Կնոջ գլուխը» կտավը, որն ստեղծվել է 1941թ․։ Աշխատանքը, որը գնահատում են ավելի քան 1 մլն դոլար, կխաղարկվի  ապրիլի 14-ին Փարիզում, Christie's աճուրդում, հատուկ վիճակախաղի տոմսեր գնածների շրջանում։

Հասանելի է ընդամենը 120 հազար տոմս։ Այսպիսով, կազմակերպիչները կարող են հավաքել 12 մլն եվրո։ Ստացված հասույթը կուղղվի Ալցհեյմերի հիվանդության հետազոտության հիմնադրամին։ Ընդ որում՝ դրանցից 1 միլիոնը կստանա նկարի սեփականատերը՝ Opera Gallery-ն։

Ինչպես հիշեցրել է Associated Press-ը, սա Պիկասոյի առաջին գործը չէ, որը կարելի է շահել 100 եվրոյով։ 2013թ․ Փենսիլվանիայից մի տեխնիկ շահել է «Տղամարդը ցիլինդրով» կտավը (1914)։ 2020թ․ իտալացի մի հաշվապահ, որին վիճակախաղի տոմսը նվիրել էր որդին, շահել է իսպանացի գեղանկարչի վրձնին պատկանող նատյուրմորտը։

Նախորդ վիճակախաղերի հաշվին ֆինանսավորվել են մշակութային միջոցառումներ Լիբանանում եւ Աֆրիկային մաքուր ջրով ապահովելու ծրագիրը։