«Թող կոպիտ չհնչի, բայց մեր քաղաքական դաշտի, քաղաքական գործիչների պահվածքը ինձ սպառողի հոգեբանություն է հիշեցնում, որ կարծես պատրաստ սպասում են, որ որեւէ կողմից, առավել եւս իշխանության կողմից որեւէ առաջարկ լինի եւ դատափետեն այդ առաջարկը, փոխարենը ոչինչ չառաջարկելով»,- այսօր նման տեսակետով հանդես եկավ վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը, մեկնաբանելով լրագրողների դիտարկումը, թե Հայաստանի քաղաքական դաշտը ԼՂ հարցում մշտապես քննադատել է երկրի բոլոր երեք նախագահներին պարտվողականության մեջ, սակայն այդպես էլ որեւէ այլընտրանք չի առաջարկում:

«Եթե կան պրագմատիկ, գործնական առաջարկներ, թող ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում ԼՂ հարցի լուծումը: Սակայն նման առաջարկները բացակայում են: Հեշտ է ամեն ինչ մերժել, ոչինչ չառաջարկելով: Ի վերջո, խնդիրը պետք է լուծվի եւ մենք շատ լավ զգում ենք, թե ինչի է հասել խնդրի չլուծված լինելը»,- նշեց Ռ. Հակոբյանը, ընդգծելով, որ գրեթե միշտ էլ խնդրի լուծումը եղել է տարածքներ-ԼՂ կարգավիճակի դիմաց բանաձեւը, բայց իր համար անհասկանալի է, թե ինչպե՞ս են իշխանությունները կարողանալու կարգավիճակի հարց լուծել, երբ արդեն վերադարձրած կլինեն տարածքները եւ ադրբեջանցի փախստականները վերադարձած կլինեն այդ տարածքներ:

Նրա ներկայացմամբ, ՀՀ իշխանություններն անկեղծ չեն սեփական ժողովրդի հետ եւ չեն բացատրում, թե ինչ է տեղի ունենում բանակցություններում: